ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը Լոռու մարզում էր

Արմեն Սարգսյանը Լոռու մարզում էր
05.12.2018 | 14:02

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։ Սեպտեմբերին Երևանում «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։ Նա կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։


Արմեն Սարգսյանն այցելել է Դեբեդ համայնքում 2018-ի մայիսի 27-ից գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոն։
ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նա զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։ Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել», - ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել մայրաքաղաքից և այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլև գյուղական կյանքին:


«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է Սարգսյանը: Նախագահը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան: Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզի երեխաները, նախագահը 1 մլն դրամ նվիրաբերեց Գյուլագարակի մանկապարտեզին, 400-ից ավելի գրքեր ՍՄԱՐԹ կենտրոնին: Նախագահը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը: «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, և այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը:


Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, ասել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ