«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրն անցկացրեց Երևանի կենտրոնում: Առավոտյան թռուցիկներ բաժանեցին, իսկ կեսօրն անց երթով ամփոփեցին ընտրարշավը:
«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի 2-րդ դեմքը՝ Մանե Թանդիլյանը, քարոզարշավի ընթացքում ընտրողներին դեմ առ դեմ իրենց անելիքները ներկայացնելով՝ համոզվել է, որ քաղաքացիներն այս անգամ գիտակցված ընտրություն են կատարելու: «Պետք է հորդորեմ մեր շատ սիրելի քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն։ Սա մեր պետության համար կարևորագույն օր է՝ հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրություններն են», - ասաց Մանե Թանդիլյանը։
Կասկած չունեն՝ խորհրդարան անցնելու վստահության քվե կստանան: Հավակնում են դառնալ իշխանության գլխավոր ընդդիմախոսը՝ խորհրդարանական 2-րդ ուժը: Եթե այս տեղը զբաղեցնի ոչ թե «Լուսավոր»-ը, այլ հին քաղաքական ուժերից որևէ մեկը, դա կնշանակի քաղաքական համակարգը չի առողջացել` գտնում է Էդմոն Մարուքյանը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, բազմապատկենք այս էֆեկտը, ամեն ինչ անենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինի երկրորդ քաղաքական միավորը։ Այլապես, եթե 2000-ականներից եկած քաղաքական համակարգը պահպանվում է, և այն ուժերը, որոնք եղել են ՀՀԿ-ի գործընկերները, կիսել են պատասխանատվությունը, ընտրել են Սերժ Սարգսյանին, նրանք նորից խորհրդարանում դերակատարում են ստանձնում, ուրեմն քաղաքական համակարգը չի առողջացել», - նշեց Մարուքյանը։