ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Կազիմիրով. Իլհամ Ալիևի նախագահության տարիներին բանակցային գործընթացում ոչ մի տեղաշարժ չի եղել

Վլադիմիր Կազիմիրով. Իլհամ Ալիևի նախագահության տարիներին բանակցային գործընթացում ոչ մի տեղաշարժ չի եղել
07.12.2018 | 11:26

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ցավոք, առաջընթաց չի գրանցել: Տպավորություն է, որ հակամարտող կողմերը կարգավորման բեռը թողնում են ապագա սերունդների ուսերին` ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992-1996-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։


«Ինձ անհարմար է հայաստանյան լրատվամիջոցի հետ խոսել ադրբեջանական իշխանությունների մասին: Ես կնախընտրեի Ադրբեջանում քննադատել ադրբեջանական իշխանություններին, բայց ստիպված եմ խոսել: Իլհամ Ալիևի նախագահության տարիներին բանակցային գործընթացում, կարգավորման գործընթացում որևէ դրական տեղաշարժ չկա: Նրանք փորձում են առաջ մղել «օկուպացված տարածքների ազատագրումը»: Բայց դա հնարավոր չէ առանց փոխադարձ զիջումների: Ադրբեջանի ներկայիս իշխանություններն ունակ չեն փոխզիջումների»,- մանրամասնեց Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ նրա՝ Ադրբեջանին ձեռնտու է հակամարտության չկարգավորված լինելը: «Ադրբեջանի ղեկավարող էլիտան ու անձամբ Իլհամ Ալիևը խաբում են իրենց ժողովրդին ցուցադրական հայրենասիրությամբ: Նրանք սադրում են, դիպուկահարներ առաջ բերում և այլն: Պարզվում է, որ նրանց հենց դա էլ պետք է՝ խաբել սեփական ժողովրդին ցուցադրական հայրենասիրությամբ: Նրանք շնչում են թշնամանքով՝ փոխանակ կոմպրոմիսներ փնտրեն»,- նշեց նա: Վլադիմիր Կազիմիրովն ասաց, որ Ադրբեջանը կորցրել է որոշակի տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որովհետև «աբսուրդի է հասցրել կոնֆլիկտը ուժով կարգավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերը»: «Ադրբեջանը շարունակաբար խախտում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը, որի պահանջով անհապաղ պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները, թշնամական գործողությունները»,- նշեց նա:
Հարցին, թե Հայաստանի նոր իշխանությունները պահանջում են բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը, դա կօգնի՞ արագացնել կարգավորումը, դիվանագետը պատասխանեց, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է Ղարաբաղը որպես բանակցային կողմ ճանաչելու հարցով:


«Հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունները դասական են եղել՝ ունեցել են հակամարտող երկու կողմ: Իսկ Ղարաբաղն այլ է: Եղել են դեպքեր, երբ անգամ Երևանի ու Ստեփանակերտի միջև են հակասություններ եղել: Այն, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, հետևաբար պետք է լինի նաև բանակցային մաս, սա ակնհայտ է: Այլ հարց է, որ Բաքուն դա չի ուզում»,- ընդգծեց Կազիմիրովը:
Նա նշեց, որ իր գրքում, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինքը բազում փաստեր է ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը բանակցում ուղիղ Ղարաբաղի հետ: «Երբ շփման գծում լարված իրավիճակ էր, ո՞ւմ էր դիմում Բաքուն, Երևանի՞ն, ո՛չ, Ստեփանակերտին: Բոլոր առաջին հեռախոսային զանգերը, գրավոր դիմումները եղել են Ղարաբաղին: Հրադադարի ռեժիմի մասին պայմանագիրը ինչպե՞ս է ստորագրվել: Մայիսի 9-ին ես Բաքվում էի, Հեյդար Ալիևն էր, Մամեդովը: Բաքուն հրադադարի ռեժիմի մասին պայմանագիրը ստորագրեց Ղարաբաղի հետ միասին: Հետո Հեյդար Ալիևը ինձ խնդրեց զանգել Երևան, որ Երևանն էլ ստորագրի: Ես ասում էի, որ Երևանը չի ցանկանա ստորագրել, բայց սխալվեցի: Ես Հ. Ալիևի խնդրանքով զանգեցի, խոսեցի Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականի հետ, և մոտավորապես 2 ժամից ստացա արձագանք, որ Երևանն էլ կստորագրի»,- պատմեց Վլադիմիր Կազիմիրովը:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ