Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրուցել է գերիների փոխանակման հարցերից` այսօր Վանաձորում ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ցավոք համաձայնության չեն եկել։ «Ալիևի հետ հանդիպում չի եղել, Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև գիտեք, որ իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք։ Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացին նախորդ պատմությունից, դրվագներից և այլն, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով,- այսինքն՝ ոչ թե հանդիպում է եղել, այլ ուղղակի շփում։ Դուք գիտեք, որ բացի ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից, դրանից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր»։
Փաշինյանն այսօր ասաց, որ Սանկտ Պետերբուրգում խոսել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հարցին, թե Լուկաշենկոյից բացատրություն պահանջել է, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Այո, գիտեք, ես եթե իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ։ Խոսակցությունն ինձ բավարարեց»։