Դեկտեմբերի 6-ին Միլանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերը կարևորել են նմանօրինակ հանդիպումները՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ և շեշտել գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարևորությունը: Խոսելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման մասին՝ ԱԳ նախարարն ընդգծել է փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմական հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կոչ է անում իր միջազգային գործընկերներին ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և անկայունության տարածմանը: Նա հավելել է, որ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու և հիշյալ ձևաչափով համաձայնեցված ձևակերպումներից դուրս այլ ձևակերպումներ փնտրելու փորձերը չեն նպաստում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: