ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ` հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը:
Հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի շուրջ և որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»: Հայտարարությունը հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, հաջորդել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ:
«Ինչն է պետության ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի կողմից միանշանակորեն որոշված՝ այն է, որ այս հարցը պետք է լուծվի մինչև 2019-ը»,- ասել է Էյսմոնտը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը եղել է «ոչ թե բուռն, այլ շատ բուռն»: Նրա խոսքով՝ կրքերն այնպես են բորբոքվել, որ արդեն վերջում «բոլորը բոլորից ստիպված են եղել ներողություն խնդրել»: