Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քվեարկեց 10/54 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Օսիպյանն ասաց, որ քվեարկել է «հանուն լավ Հայաստանի»։ Հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ոստիկանությունը, որ այս ընտրությունները տարբերվեն նախորդներից, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց. «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից, կարծում եմ, որ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել։ Տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր, իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»։
Նախքան ընտրությունները ոստիկանապետը հանդիպումներ է ունեցել պատգամավորության ռեյտինգային թեկնածուների հետ։ «Ազատության» հարցին, թե դա ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ, և ընտրակաշառքի հետ կապված տեղեկություններ, ահազանգեր ստացե՞լ են, Օսիպյանը պատասխանեց. - «Ի սկզբանե, երբ որ ես այցելեցի Արագածոտնի մարզ, Շիրակի մարզ, ինձ առաջին օրը փորձեցին քաղաքականացնել որոշ քաղաքական ուժեր, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իմ նախաձեռնությունն էր հանդիպել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ դաշինքների թեկնածուների հետ՝ զուտ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, քանի որ բոլորս էինք մտահոգված, որպեսզի ունենանք լավ ընտրություններ»։