ԿԸՀ-ում ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ հրապարակեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ժամը ութին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 573 779 մարդ»,-հայտնեց Տիգրան Մուկուչյանը: 465 քաղաքացի արդեն կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք ևս կամփոփվեն քվեարկության ավարտից հետո: Նա հայտնեց, որ կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել 7 համալրում»,-ասաց ԿԸՀ նախագահը և հիշեցրեց, որ հանձնաժողովները կազմվում են 10 անդամներից: Գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ և հատկացվել է, ընդհանուր առմամբ, 4 000 տեխնիկական սարքավորում: «Ժամը 8-ի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ: Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ 5 տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ, և օպերատիվ կարգով արձագանքվում են բոլոր խնդիրների դեպքում:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 120 ներկայացուցչով, 30 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ 80 ներկայացուցիչ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևեն տեղական 22, օտարերկրյա դիտորդական առաքելություններ։ Դրանց թվում են՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ ՄԽՎ-ն, ԵԱՀԿ ԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ՍԻԼԲԱ-ն (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն), Ի ԷՆԻ ԷՄ Օ-ն (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։ Հայաստան են ժամանել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ: