Կիրակի օրվա ընտրություններից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը երեկ երեկոյան պատասխանել է երեք տասնյակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ երկրում աղքատության դեմ պայքարից մինչև արտաքին քաղաքական հարցերի։ Փաշինյանին առաջինն ուղղված հարցերից էր․«Ծրագրո՞ւմ եք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ և ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հարաբերությունները Եվրամիության հետ՝ լինելով ռուսական ազդեցության գոտում, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ»։
«Ինձ դուր չի գալիս այդ ձևակերպումը՝ Ռուսաստանի ազդեցության տակ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դրանից բացի՝ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ Եվրոպայի խորհրդի ազդեցության տակ ենք։ Մենք Ռուսաստանի հետ գործընկերներ ենք, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ, մեր երկիրը որևէ ազդեցության գոտում չէ, որպես կառավարություն մենք միայն մեր քաղաքացիների և ընտրողների ազդեցության գոտում ենք։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին մեր միջազգային գործընկերների հետ, նշեմ, որ ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելության հետ կապված, ինչը մենք շարունակելու ենք։ Ունենք նաև համագործակցության նոր պլաններ, բայց չենք ծրագրում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, մեր երկիրը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵԱՏՄ-ի։ Պատրաստվում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց դա չենք անելու մեկը մյուսի հաշվին», - պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին հարցերին. սիրո ու համերաշխության հեղափոխությունից ու և վենդետա չանելու խոստումից հետո ինչպե՞ս է Փաշինյանը մեկնաբանում Հայաստանի նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների հայտնվելը ճաղերի ետևում։ «Գիտե՞ք, մենք կոռուպցիայի դեմ լուրջ պայքար ենք մղում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս պայքարենք կոռուպցիայի դեմ առանց բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող հետաքննություններ անելու, դա անհնար կլիներ։ Առանց պատշաճ քննությունների դա պարզապես անհնար կլիներ։ Վճռական ենք գնալ մինչև վերջ և բացահայտել ճշմարտությունը մեր հասարակության, ժողովրդի համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։