«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ի վիճակի չի լինելու իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել` ստիպելու է կյանքը։ «Չի համապատասխանելու մարտահրավերներին, չի համապատասխանելու պրոբլեմներին, չի կարողանալու լուծել այդ պրոբլեմները, խրվելու է, ճահիճ է լինելու։ Ուրիշ ճահիճ է ձևավորվելու, որովհետև իմունիտետ չունի այդ համակարգը, առանց իմունիտետի շուտ կհիվանդանա։ Արդեն հիվանդ է»։ «Դուք կանխատեսում եք, որ փողոցային պայքարներ կարող են լինել առաջիկայում» հարցին նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել փողոցային կլինի, թե՝ ոչ, ավելի հավանական եմ համարում, սա զուտ իմ տեսակետն եմ ասում, որ կառաջանա հասարակական կարծիքի այնպիսի վիճակ, որ բոլորը, կամ գրեթե բոլորը, այսինքն՝ այնպիսի որակական վիճակ կառաջանա քաղաքական դաշտում, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ արդեն վիճակ կձևավորվի, որ այսպես չենք կարող շարունակել»: Վարուժան Ավետիսյանը գտնում է, որ «Փաշինյանը հեռատես, ողջամիտ գործիչ է, և երբ իրավիճակը հասունանա, ինքը կգնա այդ լուծմանը, դա միայն կնպաստի իր վարկանիշը պահպանելուն, և հետագայում ևս կարող է դառնալ մի հենարան՝ իր քաղաքական բարձր կարգավիճակը պահելու համար»։ Նա հայտարարել է, որ «Այսօրվանից «Սասնա ծռեր»-ը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, ավելին՝ պնդում է, որ դրանք տեղի կունենան մեկուկես տարի հետո»։