ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News-ին հարցազրույցում ասել է, որ ամուսնու հետ միշտ չէ, որ համամիտ է լինում: Տիկին Թրամփի խոսքով՝ ինքն ամուսնուն խորհուրդներ է տալիս, սակայն նախագահն անձամբ է որոշումներ կայացնում: «Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ լուրերին հետևելու համար, սակայն իմ աշխատանքով եմ զբաղված: Այնուամենայնիվ, ես հստակ տեղյակ եմ լինում այն ամենից, ինչ կատարվում է: Ամուսնուս անկեղծ խորհուրդներ եմ տալիս և հայտնում իմ կարծիքը: Երբեմն նա լսում է, երբեմն՝ ոչ: Ես միշտ չէ, որ համամիտ եմ լինում նրա հետ, սակայն վերջին հաշվով նա ինքն է որոշումներ կայացնում, չէ՞ որ նա հասուն մարդ է և գիտի հնարավոր հետևանքների մասին: Դոնալդը մարտիկ է, նա ամեն օր պայքարում է հանուն Ամերիկայի և ամերիկացի ազգի», - ասել է Մելանյա Թրամփը: Նա նաև նշել է` իր համար ինչն է եղել առաջին տիկին դառնալուց ի վեր ամենադժվարը. «Ինձ համար դա այն պատեհապաշտներն են՝ հումորիստներ, լրագրողներ, գրողներ, որ առաջ գնալու նպատակով օգտագործում են իմ և իմ ընտանիքի անունները: Նրանց դուր է գալիս բամբասանքների վրա կենտրոնանալը»: