Թուրքական բազմաթիվ կայքեր անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նախորդող ներքաղաքական զարգացումներին՝ ապրիլ-մայիսի իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանի կերպարին և նրա անցած քաղաքական ուղուն: Թուրքական պարբերականների թղթակիցները գործուղվել են Երևան ու, տեղում հետևելով ընտրությունների ընթացքին, իրենց դիտարկումները ներկայացրել հոդվածների տեսքով:
«Անադոլու» գործակալությունից Թուղրուլ Չամը «Հայաստանում ուժերը ամրապնդող անունը. Փաշինյան» վերնագրով հոդվածում ընթերցողներին է ներկայացնում վերջին կես տարվա հայաստանյան ներքաղաքական խմորումները, պատճառները, գարնանը սկսված համաժողովրդական շարժման ընթացքը, Նիկոլ Փաշինյանի կենսագրությունն ու անցած ճանապարհը՝ լրագրողից մինչև վարչապետ: Հոդվածագիրը փորձում է հասկանալ Փաշինյանի գաղափարախոսությունը՝ գրելով, թե մի շարք քաղաքագետներ ու վերլուծաբաններ նրան լիբերալ են համարում, սակայն նա զերծ չի նաև ձախակողմյան ու ազգայնական հռետորաբանությունից:
«Ինքը՝ Փաշինյանը իրեն ոչ մի գաղափարախոսության կրող էլ չի համարում», - նշում է Չամը: Հոդվածում անդրադարձ կա նաև Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներին, արտաքին քաղաքական տեսլականներին, Լեռնային Ղարաբայի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ մոտեցումներին:
«Հյուրիեթ» պարբերականից Սեդաթ Էրգինը «Երևանյան տպավորություններ. լրագրողից վարչապետ կստացվի՞» հոդվածում դրական գծերով է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին: Խոսելով նրա քաղաքական անցյալի մասին` Էրգինը անդրադառնում է լրագրող Փաշինյանի գործունեությանը. «43-ամյա Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ դեռ 20 տարեկան լրագրող էր, որը ջրի երես էր հանում երկրում տիրող անօրինականությունները: Այդ պատճառով էլ դեռ լրագրողական տարիներին ճնշումների է ենթարկվել»: Ներկայացնելով վերջին 10 տարում Փաշինյանի քաղաքական պայքարի պատմությունը՝ «Հյուրիեթ»-ի լրագրողը փաստում է, որ այն ի վերջո հաջողությամբ պսակվեց․ «Անցած կիրակի ընտրություններում Փաշինյանի գլխավորած դաշինքը, ստանալով 70,4 տոկոս քվե, պատմական հաղթանակ արձանագրեց: Գյումրիից սկսած քայլարշավով սկիզբ առած պայքարը հասավ իր գագաթնակետին: Այս տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցավ երկիրը նախկին համակարգի դերակատարներից մաքրելու գործընթաց: Իսկ թե Փաշինյանը ինչ կարող է անել իբրև վարչապետ, մեկ այլ հոդվածի թեմա է»: «Փաշինյանը կարո՞ղ է վերացնել տնտեսական անօրինականությունները Հայաստանում» հոդվածում Սեդաթ Էնգինը խոսում է վերջին երկու տասնամյակներում Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու դրա հետևանքների մասին՝ փաստելով, որ Փաշինյանի կառավարությանը ծանր աշխատանք է սպասվում: «Փաշինյանին կհաջողվի՞ կատարել իր խոստումն ու արմատախիլ անելով անօրինականությունները, հեղափոխությունը տանել նաև տնտեսական ու սոցիալական ոլորտներ», - գրում է թուրք լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ արժե ուշադրությամբ հետևել Թուրքիայի հարևան երկրում հասարակական, քաղաքական զարգացումներին:
Թուրքական «T24» կայքի սյունակագիր Շիրին Փայզըն «Նոր էջ Հայաստանում. ոչ թե ռևոլուցիա, այլ էվոլուցիա» հոդվածում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի և նրա դաշինքի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Այս օրակարգի շուրջ լրագրողը զրուցել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանի հետ՝ հարցեր ուղղելով նոր իշխանությունների օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Մնացականյանը նշել է, որ ղարաբաղյան խնդիրը հայ հասարակության համար շատ զգայուն հարց է, այս համատեքստում Փաշինյանի մոտեցումներում կտրուկ շրջադարձ չի կարելի սպասել: «Այնուհանդերձ, խաղաղ հանգուցալուծման հասնելու համար բանակցությունները շարունակելու ցանկություն և վճռականություն կա», - ասել է նախարարի պաշտոնակատարը: Գալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ Մնացականյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների: