Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է:
Սակայն ռուսաստանցի զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:
Իրավասություն
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»: Հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության (ինչպես արվեց Վալերի Պերմյակովի դեպքում): Սակայն թե 1995-ին ստորագրված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է ՀՀ տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է: Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ Սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա: 102-րդ ռազմակայանում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ համաձայնագրերով հստակ ամրագրված է, որ տվյալ գործը պետք է գտնվի հայաստանյան իրավապահների իրավասության տակ:
Պարադոքսալ իրավիճակ
Ստացվում է, որ ՀՀ տարածքում անմեղ կնոջը կյանքից զրկած անձը չի հանձնվում հայաստանյան իրավապահներին: Որպես իրավական հետևանք՝ նա խույս է տալիս Հայաստանում քրեական օրենսդրությամբ սահմանված հետապնդումից: Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան Հայաստանի իրավապահ մարմիններից և Հայաստանում հնարավոր պատասխանատվություն կրելուց պաշտպանում է հանցագործության մեջ կասկածվող անձին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»