Վերջին շրջանում ռուսական մամուլը հաճախ է գրում, որ Հայաստանը թավշե հեղափոխությունից հետո կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը։
Նման մտավախություններ հնչել են նաև ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Կարասինի՝ «Նովոստի» գործակալությանը հարցազրույցում։ Հարցին` Ռուսաստանը մտահոգված չէ, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք և ԱՄՆ, Կարասինը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե նման մտավախություն ունի՞ Ռուսաստանը, թե՞՝ ոչ, այլ այն, որ նման մտավախություն պետք է ունենա Հայաստանի բարեկամ ժողովուրդը։ Այն ռադիկալ փոփոխությունների ֆոնին, որ տեղի են ունեցել Հայաստանում այս տարի, Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անբռնազբոս է դառնում»։ Նա հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը ժամանակին մեկնաբանել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունները։
«Միլզն աչքի է ընկել նրանով, որ Հայաստանի կառավարությանն ասում էր՝ ինչպես բաշխել բյուջեն և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից պահանջում էր ուշադիր հետևել իշխանությունների գործողություններին», - ասել է Կարասինը։ Մոսկվային ավելի նյարդայնացրել են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունները։ Կարասինի խոսքով՝ Բոլտոնը հայ ժողովրդի պատմական փորձը նվաստացնող հայտարարություն է արել՝ կոչելով պատմական կարծրատիպ, երբ խոսում էր հայ ռուսական բարեկամության մասին։ Բոլտոնն ասուլիսում որևէ երկրի անուն չէր հիշատակել, միայն ասել էր․ - «Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Կարասինն ասել է.
«Բոլտոնը Հայաստանին կոչ է անում գնել ամերիկյան զենք, և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին»։ Կարասինը տարակուսում է՝ «եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն է, կարելի է միայն ենթադրել, թե ինչ ճնշումների են ենթարկվում Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից կուլիսներում»։
Հարցազրույցում Կարասինը նաև համեմատում է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերը։ Նա ասում է. «Եթե 2008-ին Վրաստանի իշխանությունները չհավատային ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը, Սահակաշվիլին հաստատ պատերազմ չէր սկսի Հարավային Օսիայում և Վրաստանը չէր կորցնի իր տարածքները»: Սա, Կարասինի խոսքով, օրինակ է, թե որքան անտարբեր է Արևմուտքն այդ երկրների ճակատագրերի հարցում, և սա պետք է մտավախություն առաջացնի մյուս երկրների, տվյալ դեպքում Հայաստանի մոտ։ Կարասինը հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի նոր իշխանությունն անթաքույց շանտաժին դիմակայելու ուժ կգտնի և կպաշտպանի ազգային շահերին համահունչ ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը։