Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:
Իր ելույթում նա ասել է. «ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին և կառավարության բարեփոխումների օրակարգին: Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, և այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ:
Հանձնաժողովի աշխատանքների և դրա արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ:
Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարևորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին և կհետևեմ գործընթացներին»: