Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում բուռն արձագանքի առիթ դարձավ հանրության շրջանում։ Պատճառն այն է, որ գեներալ-մայորը 2016-ի ապրիլին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր հեռացվել է ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ 2016թ. ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Նույն օրվա հրամանագրերով պաշտոնից ազատվել էին նաև ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի պետ Կոմիտաս Մուրադյանն ու ՊՆնախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։ Պատերազմից հետո ԶՈւ այս երեք օղակները հատկապես թիրախավորվում էին քաղաքական-հասարակական շրջանակների կողմից, քանի որ հենց այս երեք օղակները պետք է պատասխանեին պատերազմից հետո բարձրացվող ամենամասսայական հարցերին՝ ինչո՞ւ զինված ուժերի համար ադրբեջանական հարձակումն անակնկալ եղավ, ինչո՞ւ կար վառելիքի պակաս և ինչո՞ւ առաջնագծի որոշ հատվածներում կապի լուրջ խնդիրներ եղան։ 2016-ին այս պաշտոնանկությունների պատճառները պաշտոնապես չնշվեցին, մայիսին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պաշտոնանկություններին, նշել էր.
«Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն»: Ապրիլյան պատերազմից բացի, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը կապվում է ևս մի քանի աղմկահարույց պատմության հետ։
Դեռ 2013-ին նա հայտնվել էր ադրբեջանական հետախուզության թիրախում ու դարձել էր ադրբեջանական մամուլում տեղ գտած «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» հրապարակման «հերոսը»՝ այդ գործով մի քանի անգամ հրավիրվելով ԱԱԾ։ Այդ հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել, իբրև թե, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ ավտովթարին, որը նա թաքցնում էր, քանի որ ղեկին եղել է ոչ սթափ վիճակում։ Հրապարակման մեջ ներկայացված էին նաև Արշակ Կարապետյանի հետ կապված անձնական բնույթի որոշ տեղեկություններ։
Հետագայում ԱԱԾ կողմից ձերբակալվել էր նախկին ոստիկան, ՀՀ քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանն, ով, ըստ ԱԱԾ-ի, փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
2016-ի ապրիլի 26-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության օրը, Nyut.am-ը վերհիշել էր այս պատմությունը՝ նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների Խաչիկ Մարտիրոսյանը հենց Արշակ Կարապետյանին հետևելու ու դրա արդյունքում ստացված տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու տեսքով է համագործակցել ադրբեջանցիների հետ։ «Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի, Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին, զավեշտալի է», - գրում է Nyut.am-ը՝ նշելով, որ այս գործով հետախուզության վարչության նախկին պետը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, պարզվել է, որ ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարների մեքենայի հետ ինքը որևէ առնչություն չունի: «Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները», - գրում է Nyut.am-ը։
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը շրջանառվում է նաև Մարտի 1-ի գործով։ Ըստ «Հայկական ժամանակի»` նա ընդգրկված է եղել հայտնի 0038 հրամանով ձևավորվող «Երևանի կայազորի պետի վարչակազմում», եղել է այդ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով։
«Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին», - «Ռազմական հեղաշրջման հրաման» վերտառությամբ հոդվածում գրել է «Հայկական ժամանակը»։ Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված հետախուզության վարչության պետին 2018թ. փետրվարին նշանակում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնին։ Այս նշանակումը նորից վեր է հանում Արշակ Կարապետյանի անվան հետ կապվող պատմությունները։ «Ապրիլյան պատերազմից հետո մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, ինչո՞ւ հանեցին Կարապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների, ի՞նչ էր արել նա։ Արդյոք աշխատանքային հետաքննություն անցկացվել էր։ Ոչ ոք չգիտի, քանի որ այդ ամբողջ գործընթացն ի սկզբանե թափանցիկ չի եղել», - այս տարվա փետրվարին «Sputnik Արմենիային» ասել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով. «Այս պարագայում, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են տվել պաշտոնից հեռացված գեներալին, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջությամբ պարզաբանի իրավիճակը. այս կամ այն բարձրաստիճան զինվորականի նշանակումն ու ազատումը պետք է բացատրություն ունենա»։
Պետք է պարզաբանում ունենա նաև Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում։
Որևէ կերպ չխախտելով գեներալ-մայորի անմեղության կանխավարկածն ու առավել ևս չմեղադրելով նրան, պարզաբանումը հատկապես կարևոր է, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս բարձրաձայնել Ապրիլյան պատերազմի ու Մարտի 1-ի գործերին առնչված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Հատկապես, որ ժամանակին հետախուզության վարչության նախկին պետին նոր պաշտոնի նշանակելը տարակուսանք էր առաջացրել նաև հենց վարչապետի պաշտոնակատարի թիմում։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ներկայիս ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսում են Արշակ Կարապետյանի մասին՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նա ձախողվել է:
Facebook-ի օգտատերերը ևս դժգոհություն են հայտնում Արշակ Կարապետյանի նշանակման կապակցությամբ: «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», - Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։
«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», - նշել է Ս. Մարտիրոսյանը։
Նարեկ Սամսոնյանը իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին ու պատկերացրեք այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու մյուս պատերազմի գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյոք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք` մտածեք: Հ.Գ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու ու վենդետտա լինելու ա հաստատ»:
Ռոբերտ Հայրապետյան. «Նիկոլը նոր խորհրդական ունի, Արշակ Կարապետյանը, ով եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։ Սերժ Սարգսյանի կողմից նա պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, իսկ մեկ այլ անձ, Վաղինակ Սարգսյանը, ով զորացրվել էր իր ենթակայության տակ գտնվողների դասալքությունը խրախուսելու համար, այժմ ՊՆ-ում զբաղեցնում է գեներալի հաստիք։ Գնահատականները թողնում եմ ձեզ»։