«Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան հրավիրած նիստում որոշել է Աժ նախագահի թեկնածու առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, փոխնախագահների` Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին` նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ խմբակցության ղեկավար առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը:
«Իմ քայլը» դաշինքը նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Գործադիրի հարցը դեռ որոշված չէ.
«Այսինքն՝ այստեղ ներկա էին մարզպետներ, կառավարության այլ անդամներ, որոնք գուցե շարունակեն պաշտոնավարել, գուցե՝ չէ»,-ասել է Ալեն Սիմոնյանը` վստահեցնելով, որ կառավարության կազմը «90 տոկոսով պարզ է»: Երեկվա նիստում նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, որ քվեարկությամբ ընդունվել են: Ալեն Սիմոնյանը ասել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 10-ն է: Հնարավոր է` փոփոխություն լինի: