«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն` փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Ավինյանից:
Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի և չի կարող պատասխանել, գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրում կպատասխանի հարցմանը:
Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով: