Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին սպառազինություն վաճառող երկրներին՝ վերանայել իրենց գործելաոճը, որովհետև, ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, «այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»: «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս նաև բարձրաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումը ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և դրա կիրառման սպառնալիքի աճին, մասնակից պետություններ պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։ Գիտեք, պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է», - նշեց Նաղդալյանը։
Նա նշեց նաև, որ սպազինության մրցավազքը ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին. «Այս հարցը բարձրաձայնվում է Արտաքին գործերի նախարարության տարբեր մակարդակներում մեր գործընկերների հետ հանդիպումներում և բազմակողմ հարթակներում։ Եվս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի, բայց այստեղ մեկ ավելի կարևոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել։ Մեր այս հայտարարությունը երբևէ չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ։ Մենք վստահորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն և ռազմատեխնիկնական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։