Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրվող ռուս զինծառայողը թեև կալանքը կրում է ռուսական ռազմաբազայում, սակայն, ըստ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, գործն ամբողջությամբ Հայաստանի իրավասության տակ է: Երեկ գլխավոր դատախազությունը պարզաբանմամբ հղում էր արել հայ-ռուսական միջպետական պայմանագրին ու ռուսաստանյան օրենսդրությանը, ըստ որի ռուս զինծառայողը կալանքը կրելու է բազայի տարածքում: Հարցին, թե ինչու է դատախազությունը հղում անում հայ-ռուսական պայամանագրին ու ռուսաստանյան օրենսդրությանը, Դավթյանն արձագանքեց․«Մենք չենք հղում անում, հղում է արվում համաձայնագրում: Համաձայնագրում ուղղակիորեն պահանջ կա նախատեսված: Առաջին բարձրացվող իրավական հարցը հետևյալն է՝ ո՞ւմ իրավազորությունն է գործի քննությունը: Այս հարցի պատասխանը միանշանակ հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության: Այսինքն, կոնկրետ քրեական գործի, գործով ներգրավված մեղադրյալների դատավարական ճակատագիրը որոշելու է ՀՀ իրավասու մարմինը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաջորդ խնդիրը հետևյալն է, թե փաստացի մեղադրյալ ռուս զինծառայողը կալանքը որտե՞ղ է կրելու: Եվ էստեղ էլ պարզաբանման մեջ շատ հստակ նշված էր, որ 1997-ի համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմաբազային տարածքում դատավարական համապատասխան գործողությունները կարող են կատարվել համատեղ, և կարևորագույն պահանջ-պայման է դրված, որ դրանք չպետք է հակասեն ՌԴ օրենսդրությանը»:
Դիտարկմանը, որ հակասում են ՀՀ օրենսդրությանը, Դավթյանը հակադարձեց․ - «Բայց մենք հանրահայտ սահմանադրական իրավական նորմ ունենք, չէ՞, որ ՀՀ միջազգային պայմանագրերը բարձր իրավական ուժ ունեն, քան ՀՀ օրենսդրությունը: Ես մեջբերում եմ դեռևս 1997-ին կնքված համաձայնագիրը, որում շատ պարզ ու հստակ ներկայացված է: Բայց մեր համար այսօր ամենակարևորն այն է այդ գործով, որ քննությունն իրականացվի լիարժեք, լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի»: