Սփյուռքի և մշակույթի նախարարության աշխատակիցները կառավարության դիմաց ցույցի են դուրս եկել` նամակ են ցանկանում փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանը նշեց, որ նամակում իրենք խնդրում են վերանայել նախարարությունների մասով որոշումները: «Խնդրում ենք, որ մեր ընտրած վարչապետը, որին դեռևս հավատում ենք, պահանջում ենք իջնի ներքև ու մեր նամակը իրեն ուղղված տանք հենց իրեն: Ուզում ենք վարչապետին հանդիպել՝ հավատալով, որ նա ունի այնպիսի արժեհամակարգ, որ նրա հետ հանդիպելով մենք կարող ենք այս խնդիրները փոխանցել նրան: Գուցե այդ դեպքում ավելի ճիշտ իրար հասկանանք, քան պարզապես թղթի վրա փոխանցած նամակ հանձնելով», - նշեց Սուքիասյանը:
Նա ընդգծեց, որ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը տեղյակ է իրենց բողոքներից և առաջարկել է հիմնավորում պատրաստել՝ ուղղված վարչապետին, որի տակ նաև խոստացել է ինքը ստորագրել: Սուքիասյանը նաև շեշտեց, որ մշակույթի նախարարությունը չի կարող միանալ որևէ այլ նախարարության, և պետք է լինի առանձին միավոր՝ բամբասանքներ որակելով այն խոսակցությունները, թե նախարարությունն ինքնանպատակ է, որովհետև այնտեղ աշխատակազմի մեծ մասը զբաղված է սուրճ խմելով: «Եթե կրճատումները հիմնավոր են ու կան փաստեր, դա հասկանալի է, բայց զուտ կամայականություններից ելնելով, բյուջե մի փոքր գումար ավելացնելու համար գնալ մասսայական կրճատումների՝ հանցագործություն է: Պարոն վարչապետն իր ընտրման առաջին օրից խրախուսել է ներգաղթը: Կարծում եմ՝ սա հզոր ալիք է լինելու արտագաղթի համար», - ընդգծեց նա: Վաղ առավոտից մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով օպտիմալացման դեմ: Մշակույթի նախարարությունը, հնարավոր է, միավորվի կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը կարող է լուծարվել: