ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու առթիվ դատախազության անունը շահարկողներին:
Աբրահամյանը նշել է` նկատի ունենալով, որ որոշ խիստ շահագրգիռ անձինք ու շրջանակներ փորձում են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման ներքո շահարկել դատախազության և գլխավոր դատախազի անունը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազից հավաստիացում են ապահանջում դատարանի որոշման դեմ բողոք ներկայացվելու վերաբերյալ, հարկ է համարում հիշեցնել, որ խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հստակ դիրքորոշումն արտահայտել է դեկտեմբերի 8-ին տված հարցազրույցներից մեկում, որից համապատասխան հատվածը մեջբերում եմ ամբողջությամբ:
«-Պարոն Դավթյան, ինչու է կալանքի տակ մնում Մանվել Գրիգորյանը: Վստահ եմ, Դուք եւս լսած կլինեք բազմաթիվ կարծիքներ, որ բոլորը կալանքից ազատ արձակվեցին բացառությամբ Մանվել Գրիգորյանի, ով նաեւ փորձաքննության արդյուքներով 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում նաեւ քաղցկեղ, որը անհամատեղելի է պահման պայմանների հետ: Այստեղ չի խախտվում իշխանության այն լոզունգը, որ դատարաններն անկախ են, իրավապահ համակարգն անկախ է:
Բացի այն, որ ներկայումս Մանվել Գրիգորյանին մեղսագրվում են բազմադրվագ, հանցավոր սխեմաներում առերեւույթ բազմաթիվ անձանց ներգրավմամբ առերեւույթ հանցանքներ, քննությամբ բացահայտվել են նաեւ այլ, սխեմատիկ, համակարգված առերեւույթ հանցագործությունների նոր դրվագների ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը, այդ թվում, միջազգային իրավական ակտերում ամրագրված պահանջներին համահունչ, շարունակում է պահպանել մեղադրյալի պատշաճ վարքագիծը խափանման միջոցի այդ տեսակով երաշխավորելու հիմքերն ու անհրաժեշտությունը:
Խափանման միջոցի ընտրությունը երբեք ինքնանպատակ չէ: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի առողջական վիճակին, դատախազությունը մշտապես ակտիվորեն հետեւում է նրա առողջական վիճակի դինամիկայի, ցուցաբերվող անհրաժեշտ բժշկական օգնության մասնագիտական ընթացքին՝ կալանավորումը բացառող տվյալներ ստանալու դեպքում համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար:
Միայն նշեմ, որ այս ընթացքում խիստ պարբերական բազմաթիվ բժշկական կոնսիլիումներ են իրականացվել, 2 դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել»:
Հետեւաբար անհարկի ենք համարում նմանատիպ որեւէ շահարկում, միաժամանակ հավաստիացնում, որ դատախազությունը առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացնելու՝ այն հիմնավոր չլինելու պատճառով»: