ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան․ Երբ ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա

Փաշինյան․ Երբ ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա
23.12.2018 | 00:20

Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու մասին դատարանի երեկվա որոշումը` Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ասաց Վանաձորում լրագրողների հետ զրույցում:


«Գիտեք, որ ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ՝ ՀՀ քաղաքացիները իսկապես արձանագրեն, որ երբ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա», - հայտարարեց Փաշինյանը: Գեներալի ազատ արձակման դեմ Էջմիածնում բողոքի ակցիաների վերաբերյալ նա ասաց. «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և անկեղծ ասած չգիտեմ՝ դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել: Երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք, միևնույն է, էլի չեմ ասի: Իմ կարծիքը այն է, որ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի և դատաքննություն տեղի ունենա՝ սրանից բխող հետևանքներով»: Հարցին՝ այսինքն, նորմա՞լ է վերաբերվում այն փաստին, որ Էջմիածնում բողոքի ակցիա է տեղի ունենում, Փաշինյանը արձագանքեց. «Դա քաղաքացիների իրավունքն է՝ բողոքի ակցիա իրականացնելը, և ուրիշ ի՞նչ պիտի ես ասեմ»:

Նա դրական պատասխանեց հարցին, թե իր համար անակնկա՞լ որոշում էր դատարանի որոշումը. «Այո, ճիշտն ասած»: Լրագրողի հարցին էլ՝ բացառո՞ւմ է այդտեղ դատական համակարգի վրա «ոչ թե պետական ապարատից, այլ ճնշումներ», Փաշինյանը արձագանքեց․ «Ես էդ մասին նախկինում ասել եմ արդեն: Ես ասել եմ, որ պետությունը, մենք, կառավարությունը, էսպես ասած, ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ ինչ-որ հին մեխանիզմներ չեն գործում՝ հին կապեր, և այլն, և այլն, որովհետև էս դատական համակարգի ծագումնաբանությունը բոլորս գիտենք: Բայց ես նաև չեմ ուզում որևէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ: Որովհետև եթե մենք ուզում ենք դատական համակարգը անկախ լինի, նաև պետք է ընդունենք, որ միշտ չի, որ քննչական մարմնի, մեղադրող կողմի և դատարանի կարծիքները կհամընկնեն»: «Էն որոշումները, որոնք կայացվել են օրինական և հիմնավորված, էդ որոշումները ուղղակի պետք է ընդունել ի գիտություն և գնալ առաջ: Բայց եթե Դուք հարց եք տալիս, գլոբալ առումով, ես ոչ թե ուզում եմ որևէ կոնկրետ դատավորի անմեղության կանխավարկածը խախտել, գլոբալ առումով՝ այո, մենք բոլորս ունենք մտավախություններ: Բայց մեր քաղաքացիները պետք է համոզված լինեն հետևյալում՝ որ երբ որ մենք ասում ենք, որ մենք դատական ակտերին, գործերին չենք միջամտում, դա ձև չենք անում, իրոք ամեն ինչ հենց էդպես էլ կա, և որևէ մեկը չի կարող հակառակը ապացուցել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Էս պրոբլեմները ընդհանուր առմամբ պետք է քննարկենք, բայց պետք է համբերատար լինենք: Օրինակ, եթե պարզվի, որ սա ինչ-որ ապօրինի ազդեցության արդյունք է, ես, բնականաբար, շատ կտխրեմ, եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արտահայտություն է, ես շատ կուրախանամ: Ես չէ, ով որ իրավասություն ունի, նա պետք է ուսումնասիրի, այսինքն՝ իրավասություն ունեցող մարմինները պիտի ուսումնասիրեն ըստ անհրաժեշտության, - շեշտեց Փաշինյանը՝ հավելելով,-ես ձեզ ասեմ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ինձ էլ էնքան հաճելի չի, բայց եթե դատարանը կայացրել է հիմնավորված որոշում, էդ որոշումը պետք է ուղղակի ընդունել ի գիտություն»:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ