Վանաձորում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ Հայաստանը շարունակո՞ւմ է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իր ներկայացուցիչը պետք է լինի. «Մենք ասել ենք, որ մենք ունենք թեկնածու, և հարցը պետք է որոշվի կոնսենսուսով, և մենք պետք է փորձենք հասնել կոնսենսուսի: Եվ ընդհանուր առմամբ, ես ասել եմ նաև նախկինում, որ էնպես չի, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է ՀՀ-ին, դա ռոտացիոն սկզբունք է, այսինքն՝ մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի, մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է և, ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումը, ճշգրտումը և այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»: «Խնդիրը ավելի խորն է, բովանդակային, և ես, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած էդ քննարկումից, և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը երբեք ՀԱՊԿ-ում տեղի չի ունեցել, և մենք պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով՝ ինքներս մեզ և ուրիշները հարցին պատասխանենք՝ մենք ՀԱՊԿ-ին պետք է լուրջ վերաբերվե՞նք, թե՞ լուրջ չպետք է վերաբերվենք: Եվ սա կարևոր արձանագրում է, և, իհարկե, մենք էս թեմաները քննարկելու ենք», - հայտարարեց Փաշինյանը:
«Կոնսենսուսը ավելի կարևոր է ՀԱՊԿ բովանդակության, քան գլխավոր քարտուղարի հարցով: Մենք միշտ էլ կառուցողական ենք եղել և կլինենք կառուցողական՝ հույս ունենալով, որ նույնպիսի կառուցողական․․․ Մենք ուրիշներից ավելին չենք ուզում, քան ինքներս պատրաստ ենք անել՝ սա շատ կարևոր արձանագրում է», - շեշտեց նա:
«Բելառուսի թեկնածուն շրջում է ՀԱՊԿ անդամ երկրներում, բայց Հայաստան դեռ չի եկել: Դո՞ւք ցանկություն չեք ունեցել հանդիպելու», - հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Էս պահին, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չենք գտել մենք, այո: Մենք ոչ թե մերժել ենք՝ ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չէ, և քննարկումները կշարունակվեն»: