Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում առանցքային են մանկավարժական կադրերի պատրաստման և ուսուցիչների վերապատրաստման խնդիրները: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ երկու մանկավարժական բուհերը կարող են լուրջ դերակատարում ստանձնել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ 21-րդ դարի կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հավելել, որ այդ համատեքստում առաջնահերթ խնդիրներից է ժամանակակից էլեկտրոնային բովանդակության ձևավորման անհրաժեշտությունը: Ռեկտորը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում երկու մանկավարժական բուհերի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ առկա են դրանց ընդլայնման բոլոր հիմքերը: