Գլխավոր դատախազությունը բողոքարկել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը: Օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որ նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դեկտեմբերի 11-ին Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: ՀՔԾ-ն միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը: