Սիրելի քաղաքացիներ,
Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործադիրը ծրագրում է փոփոխության ենթարկել հիմնականում նախարարությունների, որոշ տեսչությունների կազմն ու կառուցվածքը։ Ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ), ինչպես նախկին վարչակարգի օրոք, մնում են վարչապետի ենթակայության տակ։ Ավելին, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության իրավասության ներքո։
Այսինքն, խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում։
Հիշեցնենք, որ այդ մարմիններին խորհրդարանական վերահսկողության տակ առնելու վերաբերյալ դրույթները կան ՙԵլք՚ դաշինքի առաջարկներում:
Այսպիսով, կառավարությունը, ըստ էության, պահպանում է նախորդ վարչակարգի սուպերվարչապետական համակարգը, և նախագիծն այս տեսքով ԱԺ ներկայացվելու դեպքում ԼՀԿ խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկները, որոնք չընդունվելու պարագայում, դեմ կքվեարկի նախագծին։
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և նախարարությունների թվի և գործառույթների կրճատմանն ու հնարավոր հետևանքներին, այդ հարցերին կանդրադառնանք առանձին՝ ավելի ուշ: