ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան․Ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է

Նիկոլ Փաշինյան․Ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է
26.12.2018 | 14:49

2018-ին Հայաստանի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում` հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԳՆ-ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

«Որովհետև, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն, և այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից և իր գագաթնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որ մենք իսկապես արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ», - մանրամասնել է վարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ Հայաստանում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. «Առաջինը՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաև արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին»:

«Ինչո՞ւ է կարևոր սա ասել հատկապես Արտաքին գործերի նախարարությունում, որովհետև ցավոք անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն, - ասել է Փաշինյանը և շարունակել,- հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու վրա»:


«Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել», - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:


Հաջորդ խնդիրը Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար, որտեղ դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր: «2019-ը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ-որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում: Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ, և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող և ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն: Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին», - հայտարարել է Փաշինյանը:


«Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարևորագույն առիթով, որովհետև այնուամենայնիվ ժողովրդի կողմից լիազորված լինելը և ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019-ին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսևորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի: Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս ծառայում են ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին և որևէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին: Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ, ավելի ու ավելի շոշափելի հաղթանակներով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:


Տոնական ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ