ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Տարվա ամենամեծ սենսացիաներից էր դրամի վարքագիծը քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ

Նիկոլ Փաշինյան. Տարվա ամենամեծ սենսացիաներից էր դրամի վարքագիծը քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ
26.12.2018 | 14:50

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընդունելությանը Կենտրոնական բանկում: Այստեղ իր ելույթում Փաշինյանը հայտարարել է․ «Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և ռազմավարական, և մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը ՀՀ քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ: Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար: Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը»:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ