Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին գործարար համայնքի ներկայացուցիչների համար ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ անդրադարձել է 2018 տնտեսական տարվա արդյունքներին և 2019-ից ակնկալիքներին: «2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունքն է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից: Կարծում եմ, որ 2019-ի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում, առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ, և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ, և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 2019-ին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը դրական է համարում հանդիպումը։ Նրա խոսքով՝ վարչապետի հավաստիացումները, որ որևէ պաշտոնյա, որևէ նախարար չի զբաղվելու բիզնեսով, չի խանգարելու գործարարներին, շատ կարևոր էին և, ի տարբերություն նախորդ նման հավաստիացումների, իրատեսական են։ «Ներկաների հետ վարչապետի ու նախարարների, ՊԵԿ նախագահի շփումները ցույց տվեցին, որ իրենք ուզում են բիզնեսին մեծ տեղ տալ և իրապես շահագրգռված չեն խոչընդոտելու այս կամ այն բիզնեսի զարգացմանը։ Իրենք հասկանում են, որ միայն բիզնեսի զարգացումը կարող է կարգավորել տնտեսության, սոցիալ-տնտեսական խնդիրները։ Դա արտահայտվեց և՛ բառերով, և՛ իրապես՝ իրենց գործողություններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մակարյանը՝ հավելելով. «Այնպես չէ, որ այս ամենի մասին նախկինում չի խոսվել, չի ասվել։ Նախկին նախագահները, վարչապետները ևս խոսել են այս ամենի մասին, տարբերությունն այն է, որ մարդիկ հիմա վստահում են այս խոսքերին, հավաստիացումներին»։
Վարչապետի հետ հանդիպմանը բիզնես դաշտից մոտ 150 ներկայացուցիչ է մասնակցել՝ սկսած սկսնակ բիզնեսների ներկայացուցիչներից, մինչև էլիտար, կայացած բիզնեսների, որոնք փորձել են հասկանալ խաղի նոր կանոնները. «Պարոն Փաշինյանը շատ երկար մնաց, փորձեց բոլորի հետ շփվել, հասկանալ խնդիրները։ Իսկ բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները հիմնականում վերաբերում էին հարկային օրենսդրությանը, բիզնեսի թույլտվություններին, այսինքն՝ երբ ներդրումային պրոյեկտն ունեն, բայց թույլտվություն չեն կարողանում ստանալ։
Ես էլ իմ հերթին ընդգծել եմ պետական ապարատի պատասխանատվության, պաշտոնյաների հասանելիության հարցը։ Եթե պաշտոնյաները ժամանակին արձագանքեն մեր կողմից բարձրացվող խնդիրներին, ապա դրանք չեն խորանա և հրատապ լուծում կստանան»,- նկատեց Գագիկ Մակարյանը։ «Հիմա բավական շատ նեդրողներ կան, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելով։ Նրանք հիմնականում հայեր են, սփյուռքահայեր։ Տեղական արտադրողները ևս ոգևորված են այն մտքից, որ իրենց չեն խանգարելու, չեն խոչընդոտելու, փայ չեն մտնելու։ Այդ վստահությոնը արագորեն ավելանում է։ Բայց այդ ֆոնին շատ կարևոր է, որ պետական ապարատը հանկարծ հիասթափություն չառաջացնի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։