Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ի հանդիպմանը հասնել 2019-ին կապույտ վառելիքի մատակարարումների արժեքի վերանայմանը` գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով: Դեկտեմբերի 25-ի հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մինչ 2019-ը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ այն պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների ժամանակացույցը: Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019-ի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:
Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները: