Դեկտեմբերի 26-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին և կարիքավորներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին է բերել քաջառողջության և անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցել նվերներ: Վեհափառ Հայրապետը նաև ճաշել է տարեցների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունն են հայտնել Մայր Աթոռի և ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար: Մայր Աթոռի հովանու ներքո տարբեր քաղաքներում գործում են բարեգործական 5 ճաշարաններ, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում 900 անձ: