«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Մասնագետները շարունակում են մտահոգությունները բարձրաձայնել օպտիմալացման գործընթացի, նախարարության միավորումների հետ կապված։ Ըստ նախագծի՝ 17 նախարարությունների թիվը կրճատվում է՝ դառնալով 12։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ այս պայմաններում նախարարությունների միացումները և կրճատումը մեծ խառնաշփոթ են առաջացնելու։ Ըստ նրա՝ հիմա նախարարություններ միացնել-անջատելու ժամանակը չէ, սակայն նախարարությունների ներսում օպտիմալացման որոշ աշխատանքներ անելն իմաստ ունի, բայց դանդաղ, և չպետք է դարձնել գլխավոր խնդիրը։ Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նորից 2-3 ամսով պարալիզացնելու է կառավարության աշխատանքը։ «Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, այդ խնդիրների չնչին մասն է կապված նախարարությունների ոչ արդյունավետ աշխատանքի հետ։ Հսկայական խնդիրներ կան, այդ խնդիրներն է պետք լուծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։ Նրա կարծիքով` հիմա ատեստացիայի անցկացման անհրաժեշտություն չկա, դա ամիսների ընթացքում պետք է դանդաղ իրականացնել, կարևորը դա չէ։ Նախևառաջ պետք է վերանայել նախարարությունների կառուցվածքները, ինչ խնդիրներ են նրանց առջև դրված, ինչ մասնագետներ են պետք, և եթե դրված չէ խնդիրը, ատեստացիա անում են, որ ի՞նչ անեն. «Ես մեծ օգուտ չեմ տեսնում դրա մեջ, իզուր տեղը նոր ալիք է բարձրանալու։ Ժամանակն է, որ նախարարությունները աշխատեն»,- հավելեց նա։
Հարցին՝ կարծում եք մեկ տարին այն ռացիոնալ ժամանակահատվա՞ծն է, որից հետո կարելի է մտածել կրճատման, օպտիմալացման մասին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ մեկ տարվա ընթացքում կարելի է բոլոր նախարարությունները ստուգել, կառուցվածքը վերանայել, նայել՝ ինչ մասնագետներ են պետք, բայց հիմա կարևորն այն է, որ նախարարություններն աշխատեն: «Նախարարությունները, այնուամենայնիվ, աշխատում էին և վատ չէին աշխատում, պարզապես կարելի է աշխատանքը լավացնել, բայց հիմա կանգնեցնել կառավարության աշխատանքը և զբաղվել քննություններով, նոր բարդություններ են առաջանալու կառավարության աշխատանքում»,- ասաց նա։ Ուռճացվա՞ծ չէին գերատեսչությունների հաստիքները, Վազգեն Մանուկյանը նշեց. «Չեմ իմանում, նախևառաջ պետք է դնել խնդիր, հետո տեսնել՝ այդ խնդրին համապատասխան կառույցներ կա՞ն, թե՞ չկան։ Այդ խնդիները պետք է դնել, նոր նայել»: