Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ 11 552 անուն ապրանքատեսակներից մոտ 7 000 անուն ապրանքատեսակներ ԵԱՏՄ-ում ունեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստանում, և այդ կառույցին անդամակցությունից հետո բարձր մաքսատուրքերը տարածվեցին նաև մեզ վրա։ 2014-ին ՀՀ-ԵԱՏՄ բանակցությունների արդյունքում որոշվեց այդ ապրանքների առավել նշանակալի հատվածի (775 ապրանքատեսակ) թանկացումներն անել աստիճանաբար՝ այսինքն մաքսատուրքերը բարձրացնել փուլ առ փուլ, սակայն դա հարցի ընդամենը ժամանակավոր լուծում էր։ Եվ եթե այդ ապրանքների մի մասը կենսական նշանակություն ունեցող ապրանքների շարքին չի դասվում, և դրանց թանկացումն ազդում է հասարակության միայն որոշակի հատվածի վրա, առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումն ուղիղ հարված է հասցնում բոլորի գրպաններին։ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումները շարունակվելու են նաև 2019-ին:
Հունվարի 1-ից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, թռչնամսինը՝ 22%-ով։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքները, բանջարեղենի որոշ տեսակներ, կթանկանան 13%-ով, դեղերը՝ 2-ից 4%-ով։
Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Թանկանալու են ներմուծվող պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանիների կերերը՝ 2-4%-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-6%-ով։ Այս ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը շղթայական ռեակցիայով բերելու է նաև հացի և գյուղմթերքների թանկացմանը։
Թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները՝ 2- 6%-ով, իսկ սպիտակեղենը՝ 10-11%-ով։
Թանկացող ապրանքներից են նաև փայտանյութը (4-9%), կերամիկական և կիսակերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները (10-12%), այլ շինանյութը՝ մինչև 6%:
Նշված թվերը վերաբերում են միայն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերին։ Որքանո՞վ այս ավելացող մաքսատուրքերը կհանգեցնեն թանկացումների, կախված է նրանից, թե հնարավոր է ներմուծել նույնատիպ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից: Վերոնշյալ ապրանքների մեծ մասը բերվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, հետևապես՝ թանկանալու է առնվազն այնքան, որքան ավելանում է մաքսային դրույքաչափը։
Ներմուծողների կողմից վճարվող մաքսային վճարները, որոնք հունվարի 1-ից ավելանում են, չեն մտնելու Հայաստանի պետական բյուջե, այլ, փաստացի, գնալու են ԵԱՏՄ բյուջե, որտեղից Հայաստանը ստանում է ընդհանուրի մոտ 1 տոկոսը: