ՌԴ նախագահի kremlin.ru կայքը հաղորդում է. «Վլադիմիր Պուտինը բանակցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:
Վլադիմիր Պուտին. Հարգելի Նիկոլ Վլադիմիրովիչ, հարգելի բարեկամներ, մենք շատ ուրախ ենք ձեզ Մոսկվայում տեսնել: Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո: Ձեր հաղթանակից: Ձեր կողմնակիցների: Ուզում եմ հաջողություններ մաղթել Ձեզ բոլոր ծրագրերի իրականացման մեջ, որ դրել եք Ձեր առաջ, Ձեր թիմի առաջ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկեցության: Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել: Իսկապես դաշնակցային հարաբերություններ են` լեցուն բավականին մեծ բովանդակությամբ: Բավական է ասել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղը այլ պետությունների հետ Հայաստանի տնտեսական համագործակցության մեջ: Ռուսաստանն ունի 25,5 տոկոս: 2000-ից ավելի ձեռնարկություններ են աշխատում` 2,2 հազար ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը, անցած տարի հասել է համարյա 30 տոկոսի` 29,7 տոկոս` ինչքան գիտեմ: Այս տարվա 10 ամիսներին համարյա 18 տոկոս է հավելվել` 17,5 տոկոս: Կարծում եմ` լավ դինամիկա է: Պետք է պահել: Մենք պատրաստ ենք դա անել: Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ հարաբերությունների այդ մակարդակը պահպանվի, և ոչ միայն այդ ոլորտում, այլև այլ ուղղություններում: Նկատի ունեմ անվտանգության ապահովումը, մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի գծով, բազմակողմ տնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ում: Ընդհանուր առմամբ` մենք ունենք հարուստ ու հագեցած օրակարգ: Մենք ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ:
Նիկոլ Փաշինյան. Շնորհակալություն, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ: Շնորհակալություն հրավերի համար: Ես նույնպես ուրախ եմ Ձեզ ու մեր գործընկերներին տեսնել: Ճիշտ է, ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Օդանավակայանում արարողակարգի տղաները հուշեցին, որ ես ամենահաճախ Ռուսաստանի Դաշնություն այցելող արտասահմանյան ղեկավարներից մեկն եմ, ավելի ստույգ` եռյակում եմ: Ես վստահ եմ, կարծում եմ, որ դա ընդգծում է մեր հատուկ ռազմավարական հարաբերությունների ենթատեքստը: Ես վստահ եմ, որ հարաբերությունների այդ դինամիկան կպահպանվի: Ես հույս ունեմ, որ ավելի կզարգանա դեռ: Իհարկե, մենք նույնպես եկող տարի պաշտոնական այցով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Դա շատ հաճելի կլինի: Իհարկե, մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները աճում են: Շատ հաճելի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ նոր տարում Հայաստանը ամենապոպուլյար ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար և անցյալ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 70 տոկոսով: Դա նշանակում է, նվազագույնը, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուս զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում և նրանք իրենց շատ լավ են զգում, Դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը` ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային ու մշակութային հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները զարգանալու են: Վերջերս Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ես շատ ուրախ եմ, որ ընտրություններն անցան օրենքի համապատասխան, ազատ ընտրություններ էին: Ես շատ ուրախ եմ, որ դա արձանագրեցին միջազգային դիտորդները, այդ թվում` դիտորդները ՌԴ-ից` բավականաչափ շատ դիտորդներ էին մասնակցում ընտրություններին: Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Ես վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր խորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված մեր հետագա տնտեսական հարաբերությունների նկատմամբ: Մենք մտադիր ենք հետագա ինտեգրման ԵԱՏՄ-ում ու շատ լուրջ ենք վերաբերվում մեր նախագահությանը Եվրասիական տնտեսական խորհրդում: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում մենք կունենանք առավել արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակներում: Վստահ եմ, որ մենք այսօրվա քննարկումներում բավականին մեծ օրակարգ ունենք և դրական ենք տրամադրված, վստահ եմ` դրական կլինեն նաև արդյունքները:
Վլադիմիր Պուտին. Շնորհակալ եմ: