Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները կակտիվանան` հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ ժամկետները շատ սեղմ են: Անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին բանակցություններին՝ Պեսկովն ասել է.«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, քանի որ մինչև երեկ, ցավոք, ակտիվ բանակցություններ չեն եղել «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև: Նշվել է՝ երբ են այդ բանակցություններն ավարտվելու: Ժամկետները կան, մենք ցայտնոտային վիճակում ենք»: «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է հաջորդ տարվա մատակարարումների հարցը: Հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում: «Քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը և հետագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանին 2019-ին մատակարարվելիք գազի խնդիրը», - ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ: Կողմերը դիտարկել են նաև Հայաստանի հետագա գազաֆիկացման և երկրի տարածքում գազի ստորգետնյա պահեստավորման հարցերը:
Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու է գազի այն սակագինը, որ հիմա կա` ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: