Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը` հայտնեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Նա դժգոհեց, որ դատարանը նույնիսկ չքննարկեց իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ մոռանալով, որ նման միջնորդություններն, ըստ Քրեական դատավարություն օրենսգրքի, պետք է քննել անհապաղ։ Նախկին նախագահի փաստաբանը պնդեց՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։ «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են և աշխատանքային ժամից դուրս նիստերի չեն մասնակցում։ Քննիչը խնդրեց՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգել գործի քննությունը, ինչը դատարանը բավարարեց։ Ստացվում է, որ սրանից հետո առհասարակ կարելի է գիշերը կալանքի գործեր չքննել», - ասաց Օրբելյանը: