Ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական` հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Աժ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետևյալն է. կարո՞ղ ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցը, իհարկե, ունի մեկ պատասխան` դրական, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին՝ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետև ձևակերպված է մեր ժողովրդի անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած հավատի և վստահության վրա, - ասել է Փաշինյանը՝ շարունակելով, - այդ առաքելությունը ձևակերպված է այն ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետև եթե լիներ պարտվող ժողովուրդ, այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ: Հետևաբար, հայ ժողովուրդը հաղթող է և հայ ժողովուրդը 2018-ին դա ապացուցեց»: «Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն խնդիրները, առաջադրանքները, որ ձևակերպում ենք՝ մեզ առաջադրում է մեր ժողովուրդը: Դրանք բոլորը լուծելի են, և մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրները այն հենքի վրա, որ բոլորս պետք է արձանագրենք և հասկանանք՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է այստեղ և այստեղ [ուղեղում և սրտում]: Եթե մենք կարողանանք հետևել այս բանաձևին՝ միանշանակ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծենք, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, - անցած 8 ամիսներն ապացուցել են, որ ունենք բավարար կամք, բավարար հետևողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն և բավարար հետևողականություն այդ խնդիրները լուծելու համար»:
«Ես ցանկանում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և ուզում եմ շնորհավորել համատեղ աշխատանքի համար: Ճիշտ է, չեմ կարող ասել, որ մենք արել ենք այն ամենը, ինչ կցանկանայինք արդեն հասցրած լինել, բայց ես նաև չեմ կարող չասել, որ այդ ընթացքում մենք արել ենք ամենակարևորը՝ ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները, անկախ նրանից, թե այդ խնդիրների լուծումը ում որքան է հավանական թվում», - ասել է Փաշինյանը: «Շնորհավորում եմ բոլորիս 2018 և 2019 թվականների կապակցությամբ: Համոզված եմ, որ ինչպես 2018-ը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ, շատ ավելի ընդգրկուն և շատ ավելի ռազմավարական հաղթանակներ»` հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: