ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների։ ՌԴ նախագահի կայքի համաձայն` Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի ղեկավարներին ուղղված շնորհավորանքում ՌԴ նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության ավանդույթների, մշակութային և հոգևոր ընդհանրությունների վրա և համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, «ինչը ամբողջովին բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից և ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով»։
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ արձանագրելով, որ 2018-ը արդյունավետ էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։ «Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Մոսկվայում, Սոչիում և Բաքվում անցկացված բովանդակային և կառուցողական բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկկողմ համաձյանությունների իրականացումը կնպաստի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»` գրել է Պուտինը: Նա շնորհավորական ուղերձներ է հղել նաև նախկին ղեկավարների և քաղաքական գործիչների` Ալմազբեկ Ատամբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սիլվիո Բերլուսկոնիին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Տարյա Հալոնենին, Խուան Կարլոս I-ին և Գերհարդ Շրյոդերին։