Արցախի Խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում` տեղեկացնում է artsakhpress.am֊ը։
«Արդեն տևական ժամանակ է ՀՀ-ում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության: Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Աժ-ում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»` ասված է հայտարարությունում։