Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ` հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքան ինձ են զեկուցել՝ կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող»,- հայտարարել է Փաշինյանը: Երևանը պնդում է, որ Աստանայի հետ համակարծիք են՝ Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքը կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել: Մեկ մարդու մահվան պատճառ դարձած աղմկահարույց միջադեպը այսօր հեռախոսով քննարկել են երկու երկրների ԱԳ նախարարները, ոստիկանապետերը, մարդու իրավունքների պաշտպանները: Հայկական կողմը տարածած հաղորդագրություններում ընդգծում է՝ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը:
Ըստ Հայաստանյան պաշտոնական աղբյուրների ղազախական կողմը քայլեր է ձեռնարկում իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Յոթերորդ օրն է՝ Կարագանդայի ծեծռկտուքի շուրջ կրքերը չեն մարում: Բողոքի ցույցերի պատճառ դարձած միջադեպը, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի է ունեցել Ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում՝ երիտասարդների երկու խմբերի միջև: Դանակով հասցված հարվածների հետևանքով 23-ամյա տղամարդ է զոհվել, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: