ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումները

ԱՄՆ-ում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումները
09.01.2019 | 12:34

Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը: Քննարկման հիմքում ընկած էին Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ: Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի՝ Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է կողմերից որևէ մեկի հետ Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ, նշում Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը: Բանախոսներն ընդգծեցին ԱՄՆ-ի ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, Ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:


Ըստ Խառատյանի՝ Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-ՀՀ հարաբերություններում օգնություն ակնկալողից գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ