2019թ. հունվարի 1-ից ռեստորանների համար շրջանառության հարկը բարձրացվեց 2 տոկոսով` հասնելով 8 տոկոսի։ Այս բնագավառի համար հարկային բեռի վերջին ավելացումը եղել էր մի քանի ամիս առաջ՝ 2018թ. հուլիսին, երբ շրջանառության հարկը դարձավ 6 տոկոս։ Ավելին՝ Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ 2020-ի հունվարի 1-ից կդառնա 10 տոկոս։ Ոլորտի տնտեսվարողները պնդում են՝ նման հարկային բեռն այլևս չի կարող չանդրադառնալ ռեստորանների գների վրա ու փորձում են իրենց մտահոգությունները ներկայացնել գերատեսչություններին։
Հունվարի 8-ին իրավիճակը քննարկելու համար «Հայկական ռեստորանների միության» ներկայացուցիչների հետ հանդիպեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Միության համակարգող Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ ՊԵԿ-ը ևս կիսում է իրենց մտահոգությունները։ «Խնդիրն այն է, որ եկամտի հաշվին այլևս հնարավոր չէ չեզոքացնել ազդեցությունը գնի վրա ու տնտեսվարողները հայտարարել են, որ հարկային նման բեռի պայմաններում ռեստորանների գները համատարած բարձրանալու են», - ասաց Աշոտ Բարսեղյանը։ Նա ընդգծեց՝ 2018թ. հուլիսին շրջանառության հարկը 6 տոկոսի հասցնելն արդեն շոկի էր ենթարկել բնագավառը, իսկ 8 տոկոսի դեպքում պարզապես հնարավոր չի լինի խուսափել ուղղակի ազդեցությունից գների, սպասարկման որակի վրա։ «Մենք ներկայացրել ենք, թե ինչ ազդեցություն սա կարող է ունենալ տնտեսության վրա՝ սկսած աշխատատեղերից, ծառայությունների, ապրանքների որակից, վերջացրած՝ գյուղատնտեսության վրա ազդեցությունից։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս հետևողական եղավ մեր հորդորին և իրենք էլ իրենց հաշվարկներն արեցին», - ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ նախագահի հետ հանդիպման արդյունքներով որոշվեց նոր՝ քառակողմ հանդիպում կազմակերպել ոլորտի պատասխանատու 4 օղակների մասնակցությամբ՝ ՊԵԿ-ի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ֆինանսների նախարարության, վարչապետի պաշտոնակատարի և իրենց՝ «Հայկական ռեստորանների միության» ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ մենք ստանում ենք գերշահույթ։ Սակայն տասնամյակի գնաճը, կոմունալ ծախսերի ավելացումը, աշխատավարձերի ավելացումները ռեստորատորները չեն արտացոլել իրենց գների մեջ։ Այստեղ ստացվում է իրավիճակ, երբ մենք ասում ենք՝ եթե ուզում ենք, որ մեր վաճառքները, սպառումը հանրապետությունում չընկնի, երկրի տուրիստական գրավչությունը չտուժի և մենք լինենք շուկայում մրցունակ, եկեք այսքանով էքսպերիմենտներն ավարտենք այս ոլորտի վրա և հասկանանք, թե ինչ հետևանքներ կլինեն, մի քանի տարի անց վերադառնալով սրան», - ասաց Աշոտ Բարսեղյանը։