ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությունը ներկայացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ներկայացրեց Թանդիլյանի կենսագրությունը և նշեց, թե խոսում են ընդդիմադիր փոխխոսնակի մասին, իսկ Թանդիլյանը աչքի է ընկել իր քաղաքացիական և քաղաքական ակտիվությամբ ու սկզբունքայնությամբ:
«Այսօր այս խորհրդարանն, ըստ էության, պետք է որոշում կայացնի, թե ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի կարևոր առաքելությունն ով է իրականացնելու»,- ասաց նա և նկատեց, որ ԱԺ կանոնակարգով չի նշվում, թե մեծ խմբակցությունը պետք է ներկայացնի ընդդիմադիր փոխխոսնակ: Նա կարևորեց անձերի հարցը, նշեց, որ ընտրում են կոնկրետ մարդկանց: «Վերջին հաշվով կարող էինք ներկայացնել մարդու, ով այդքան էլ աչքի չի ընկել իր ընդդիմադիր գործունեությամբ, հավասարակշռությամբ, սկզբունքայնությամբ»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ նոր խորհրդարանում կարող են նաև ունենալ այնպիսի քվեարկություն, որ ուղղակի պատգամավորները որոշեն, թե ով է իրենց համար ավելի ընկալելի որպես ընդդիմադիր փոխխոսնակ: «Վերջին հաշվով, լինելու են սուր բանավեճեր, խոսքն է սահմանափակվել, և ընդդիմադիր փոխխոսնակի դերը կարևոր է»,- ասաց նա:
Ընտրության քննարկման հարցը բավական թեժ մթնոլորտում անցավ: Մարուքյանը, ԲՀԿ-ականներին պատասխանելով, նշում էր, թե իր հորդորը ու վեճը ԲՀԿ-ի հետ չէ, այլ իշխող ուժի, որ ազատ ու անկաշկանդ պետք է քվեարկի: Նա նույնիսկ կարճ բանավեճի մեջ մտավ տեղից խոսող Սասուն Միքայելյանի հետ՝ հորդորելով չընդհատել, երբ ինքը խոսում է: Ելույթում Մանե Թանդիլյանը հույս հայտնեց, որ արդար ընտրությունները կդառնան բոլորի համար պատասխանատվության հարց: Նա նշեց, որ իր ընդդիմախոսությունը ծառայել է և ծառայելու է երկրի բարեկեցությանը: Իսկ պաշտոնը եղել է և մնում է պատասխանատվություն:
Թանդիլյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում լինելու է բոլորի փոխնախագահը` չունենալով սիրելի պատգամավոր, բարձր պահելով ԱԺ հեղինակությունը:
«Այսօր կատարում եք առաջին, գուցե և վերջին ընտրությունը, սա ընտրություն չէ, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահ, կամ նույն կուսակցության փոխխոսնակներ, հանձնաժողովի նախագահներ, քանի որ դրանք քաղաքական որոշումներ են: Այո, իշխանական խմբակցությունը բարդ որոշման առջև է կանգնած՝ ում ընտրել ընդդիմադիր խմբակցություններից»,- ասաց նա և հույս հայտնեց, որ այս ընտրությունը սկիզբ կդառնա քաղաքական նոր մշակույթի:
Աժ փոխնախագահների ընտրությունը կկայանա վաղը, ժամը 10-ից սկսվող նիստում: