Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցության կառավարությանը: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվեի առաջարկով: Եթե Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի, Մեյին պաշտոնավարելու համար ընդամենը 14 օր կմնա: «Մեյն աղետալի պարտություն է կրում»,- անվստահության քվե հայտնելու առաջարկը ներկայացնելիս ասել է Քորբինը՝ ընդգծելով, որ վարչապետին ոչ մի կերպ չի հաջողվում կյանքի կոչել բրեկզիտի լավ գործարք կնքելու խոստումը: «Նա իսկապես չի կարողանում հավատալ, որ երկու տարի տևած ձախողումից հետո կարող է այս երկրի ժողովրդի համար շահեկան գործարք կնքել: Ամենակարևոր հարցն այն է, որ նրա կառավարությունը կորցրել է Համայնքների պալատի ու երկրի վստահությունը»,-ասել է Քորբինը:
Անվստահության հարցով քվեարկությունը տեղի է ունենալու հունվարի 16-ին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ափսոսանք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Լոնդոնի և Բրյուսելի երկար բանակցած համաձայնագիրը: «Ես ցավով եմ ընդունում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քվեարկության արդյունքները»,- հայտարարել է Յունկերը:
The Guardian-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով իրավիճակին` Մեյին՝ կոչ է արել չլքել ԵՄ-ն: Նա ենթադրել է, որ վարչապետի երեկվա պարտությունն ու Համայնքների պալատում համաձայնագրի մերժումը կհանգեցնի նրան, որ բրեկզիտ չի լինի: