Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել երկրի տնտեսության մեջ դրական զարգացումները:
Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:
Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ: