Լավ կլիներ, որ այն ինչ կատարվեց ինձ հետ Ադրբջանում, չկատարվեր, բայց մյուս կողմից ես եղածին լավատեսությամբ եմ վերաբերվում: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով Բաքվում իր բանտակության մասին ասաց ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով, որ իր հետ տեղի ունեցածը գուցե՝ իր կարիերայում նոր ուղղություն ստեղծելու հնարավորություն դառնա:
«Բացի այդ, ինձ հետ պատահածը հնարավորություն է ՝ նոր ընկերներ, նոր հանդիպումներ ձեռք բերելու համար: Բայց մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ նրանք վտանգավոր են, ոչ ադեկվատ են: Այս ռեժիմը գտնվում է այն փուլում, որում գտնվում էր Սովետական Միությունը Վերակառուցման սկզբում»,- ասաց նա:
Ալեքսանդր Լապշինը, անդրադառնալով բլոգերների՝ իր հետ կատարվածի մասին վերաբերմունքին, նշեց, որ նրանց մի մասին Ադրբեջանը կարողացավ գնել, որ նրա ձերբակալան մասին, ի նպաստ Ադրբեջանի լոբբինգի գրառումներ անեն, բայց մեծ մասը իր կողմակիցներն են, քանի որ հասկանում են, որ լավ չի լինի, երբ Ադրբեջանը ազդի նրանց կարծիքի վրա:
Անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող դժգոհություններին` բլոգերը ասաց, որ ադրբեջանցիները պարզապես հոգնել են Ալիև-Փաշաևներից: Դա Հայաստանի հետ կապ չունի, պարզապես այնտեղ ժողովուրդը շատ ավելի վատ է ապրում, քան Հայաստանում: «Պետք չէ թերագնահատել ադրբեջանական ժողովրդին, չնայած աշխատում են դիկտատուրայի մթնոլորտում, սակայն այնտեղ էլ կան շատ կրթյալ, գիտակից մարդիկ, որ ցանկանում են ապրել ազատ երկրում, և նրանք տեսել են, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են, որ իրենց մոտ էլ լինի ամեն ինչ այնպես, ինչպես Հայաստանում էր: Եվ այդ պատճառով էլ ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ. կարծում եմ՝ առաջիկա տարիներին այնտեղ ինչ-որ բաներ տեղի կունենան, բայց արդեն հարց է, թե արդյոք դա Հայաստանի շահերից կբխի: Որովհետև ինչպիսին էլ լինի Ալիևը, նա կանխատեսելի և վտանգավոր չէ Հայաստանի համար: Նա գուցե ինձ համար վտանգավոր է, բայց ոչ Հայաստանի համար, և հարմար է Ռուսաստանի համար: Այն մարդիկ, որ կգան իշխանության՝ ընդդիմադիրները, հանդես են գալու ավելի շատ հասարակության, քան կլաների շահերից»,- ասաց նա:
Հարցին, թե ադրբեջանական հանրությունը պատրա՞ստ է խաղաղության, Ալեքսանդր Լապշինը պատասխանեց. «Կարծում եմ՝ ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ ադրբեջանական ղեկավարությունը, որովհետև Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիևի անկումը: Նրանք դա հասկանում են, և այդ պատճառով կփորձեն հակամարտությունը պահել սառը վիճակում այնքան, որքան հնարավոր է: Նրանք պետք է ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն, այլ թշնամու կերպար և իշխանության պահպանումը ամեն գնով»,- ասաց նա: