Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը1 միլիոն դրամ արժե` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հիմա եթե կարիք եղավ ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, այնտեղ պետք է լինեն ուռուցքաբանական խորհուրդներ, որոնք պետք է վարեն պացիենտին և այլն, այսինքն որակի պահանջներ ենք դրել։ Այնտեղ վիրահատության համար գումար քաղաքացին չի վճարի։ Ճառագայթային բուժում այս տարի առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակներում», - նշեց Թորոսյանը։
Առաջին անգամ Հայաստանում 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր անվճար են տրամադրվել անչափահաս հիվանդներին՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը:
Իրականացվել է նաև երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Առողջապահության նախարարն ասում է՝ այսպիսի փորձ Հայաստանում դեռ չի եղել: Ներդրվել է նաև մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։ Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը նույնպես կլինի անվճար: «Անպտղության պատճառները պարզելուն է ուղղված լինելու հիմնականում և մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը, որովհետև ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ավելի ծախսը արդյունավետ է՝ պարզել պատճառը և լուծել, դա շատ ավելի էժան է և շատ ավելի մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան թե պարզապես մի քանի տասնյակ զույգերի անես արտամարմնային բեղմնավորում», - ընդգծեց առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյաննա ասաց, որ պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը նախատեսվում է սկսել 2021-ից: Նա նշեց, որ տարբեր երկրներում աշխատավարձից երկու տոկոսից մինչև 30 տոկոս է պահվում ապահովագրության համար։ Ըստ նախարարի, Հայաստանը կսկսի ամենացածր տոկոսներից։
«Սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում, երբ առողջ քաղաքացիները վճարում են հիվանդ քաղաքացիների համար հարաբերականորեն, երիտասարդները՝ տարեցների, աշխատողները չաշխատողների համար։ Նույնը ուսանողների հարցն է, նույնը յոթ տարեկանից բարձր քաղաքացիների, որոնք չեն աշխատում՝ երեխաների, պաշտոնապես գրանցված գործազուրկների։ Կան երկրներ, որոնք ունեն երկու տոկոս ապահովագրավճար և կան երկրներ, որոնք ունեն 32 տոկոս։ Զարգացած երկրների միջին տոկոսը բժշկական ապահովագրության աշխատավարձից պահվող՝ 20 տոկոս է։ Դրանք աշխարհի լավագույն երկրներն են, այսինքն ինդուստրիալ երկրներն են։ Կան երկրներ, որ ունեն 2-3 տոկոս՝ Արևելյան Եվրոպայի երկրները։ Մենք ենթադրում ենք, որ պետք է սկսենք մոտավորապես նման տոկոսներից», - նշեց նա։