Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար` ասել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում, նոյեմբերին: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա համահիմնադիր Ժոզեֆ Ռոթբլաթը 1995-ին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշի համաժողովների հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և բարձր է գնահատում ջանքերը, որ նրանք ներդնում են ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու ուղղությամբ:
Ողջունելով համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը՝ նախագահը նշել է, որ այս տարի երկրում նախատեսվում են ևս մի քանի միջազգային ազդեցիկ համաժողովներ: Շատ էական համարելով, երբ մեկ տեղում են հավաքվում քաղաքականությամբ հետաքրքրված գիտնականները և գիտությամբ հետաքրքրված քաղաքական գործիչները, Արմեն Սարգսյանն ասել է. «Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում»: Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Պագուոշի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն: Երկու ֆիզիկոսները խոսել են նաև աշխարհում սրընթաց փոփոխությունների մասին, անդրադարձել գլոբալ ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու հնարավորություններին: