Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատել Շվեյցարիայի փորձը և ասել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ: Ուելի Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ:
Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ ևս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, և իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ: ՆիկոլՓաշինյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու միջոցառմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երևանում անցկացված գագաթաժողովը և նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:
Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: